Posted in Հայրենագիտություն-բնագիտություն

Լոռու բերդ

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինը հավանաբար՝ 1005 – 1020 թթ.։

1065-ին Սամշվիլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո Կյուրիկե Բ-ն (1049 – 1089) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ։ XI – XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։ Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել։
1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը։ 1185 թվականին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին։ 1236 թվականի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը։ 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները։ 1562 – 1734 թթ. Լոռին՝ որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին։ XVIII դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926 – 1930 թթ. ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը)։

Leave a comment